«Ջունգլիներում կորած քաղաք փնտրող որսորդների էինք նման». Հարցազրույց Եվա Էսսի հետ
«ԱրմԱրք» ճարտարապետության առցանց հանրագիտարանի ստեղծման գաղափարի, աշխատանքային ընթացքի եւ առաջիկա զարգացումների մասին Հետքի լրագրող Անուշ Քոչարյանը զրուցել է նախագծի ղեկավար Եվա էսսի հետ։
“ArmArch” (հայկական ճարատապետության լեզուն) առցանց հանրագիտարանը ինչպե՞ս կյանքի կոչվեց։ Աշխատանքային ի՞նչ ընթացք է ունեցել, եւ ինչպե՞ս է ստեղծվել բազան։
Հայկական ճարտարապետության մի հավաք կատալոգ կամ տվյալների բազա ստեղծելու գաղափարը առաջացավ 2010 թվականին, երբ երկու գործընկերներիս հետ աշխատում էի «ՌեԱրկ» Ճարտարապետական Միջավայրի Ուսումնասիրության Կենտրոնի ծրագրերի վրա:
Մենք ստեղծեցինք մի այդպիսի փոքր օնլայն կատալոգ, որը սակայն հնարավոր չեղավ զարգացնել: Վերջին յոթ տարի ես երազել եմ այդ գործը շարունակել և մշտապես փնտրել եմ հնարավորություն ու համախոհներ այդ ծրագիրն իրականացնելու համար: Բազմաթիվ տարբեր դիմումներից հետո վերջապես ARISC-ի օգնությամբ և Թալին Գրիգորի ու Ռոմինա Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ մենք կարողացանք սկսել այս գործը:
Ծրագրի գաղափարական և ստրատեգիկ ասպեկտները հստակեցնելուց և ARISC-ի աջակցությունը ստանալուց հետո առաջին գործը կայքի և հենց բուն հանրագիտարանի օնլայն կառուցվածքի ստեղծման հարցն էր:
Մեծ հաջողություն եմ համարում, որ մեր թիմում ներգրավվեց վեբ-ծրագրավորող Մոմիկ Վարդանյանը, ով միանգամից ընկալեց խնդիրը և մեծ նվիրվածությամբ մինչ օրս շարունակում է աշխատել կայքի ու հանրագիտարանի կառուցվածքի հստակեցման վրա:
Հանրագիտարանի այն կառուցվածքը, որը հիմա տեսնում եք, մոտ ութ ամսվա անընդմեջ և շատ հետաքրքիր ստեղծագործական աշխատանքի արդյունք է. գաղափարը և կառուցվածքը ձևավորվեց ինքնին: Ի սկզբանե խնդիր էր դրված ստեղծելու ուղղակի ճարտարապետական շտեմարան կամ տվյալներիի բազա, որտեղ յուրաքանչյուր օբյեկտ կպարամետրավորվի ըստ հստակ, փաստագրական տվյալների (ճարտարապետ, կառուցման տարեթիվ և այլն): Ամենակարևորը հենց սկզբից այդ պարամետրերով օբյեկտները խմբավորելու հարցն էր, քանի որ դա լավագույնս հնարավորություն է ընձեռում դուրս բերելու ուսումնասիրվող ճարտարապետության վիճակագրական պատկերը, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանում արդեն վերլուծական աշխատանքի և օրինաչափությունների դուրս բերման համար:
Սակայն շտեմարանը լցնելու և օբյեկտների պարամետրավորումը անելու ընթացքում դուրս եկան կլասիֆիկացիոն օրինաչափություններ, ինչպիսին օրինակ «հատկանշական տարրեր» պարամետրի դեպքում է, որը աշխատանքը զուտ պատմափաստագրականից վերածեց վերլուծական-հետազոտականի: Այստեղից առաջացավ շտեմարանը հանրագիտարանի վերածելու գաղափարը, քանի որ շատացան մեկնաբանական, վերլուծական տեքստերը:
Մենք հանրագիտարանը անվանում ենք վերլուծական հանրագիտարան, քանի որ բացի փաստագրական տեղեկատվությունից հիմնական շեշտը դրվեց հենց մեկնաբանությունների և վերլուծությունների վրա:
Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում շրջել ենք Տավուշ, Լոռի և Արագածոտն մարզերում և մանրակրկտորեն հավաքագրել, լուսանկարել և ուսումնասիրել 1960-ականներից հետո կառուցված տեղական ճարտարապետությունը:
Հայկական Մոդեռնիստական Ճարտարապետության Հանրագիտարանը ԱրմԱրքի նախագծերից մեկն է, որի հիմքում բազմադիսցիպլինար հետազոտական աշխատանք է ընկած:
Կայքի հատկորոշիչները (tags) բավականին շատ են։ Հատկապես հետաքրքրական է «Հատկանշական տարրեր» հատվածի առանձնացումները։ Նման բաժանումների առատությունը ինչո՞վ էր պայմանավորված։
Հանրագիտարանի ողջ իմաստը հենց այդ tag-երի համակարգն է, որը մենք անվանում ենք պարամետրավորում: Պարամետրավորման մեջ պետք է տարբերակել data type-ը (տվյալի տիպը-ՏՏ) և դրա արժեքը կամ հատկությունը: ՏՏ-ը հատկության կատեգորիա է, ինչպիսին է «ճարտարապետը», «օբյեկտի տիպը», «կառուցման տարեթիվը» կամ նույն «հատկանշական տարրը»:
Դրանք ինքնին ինֆորմացիա չեն պարունակում, բայց հնարավորություն են տալիս հասկանալու, թե կառույցների ինչ պարամետրավորման տիպերի հետ մենք ընդհանրապես կարող ենք գործ ունենալ, այսինքն ինչ կարելի է ընդհանրապես ասել կառույցի մասին: Բուն ինֆորմացիան այս ՏՏ-երին տրված արժեքների մեջ է, այսինքն կոնկրետ ճարտարապետը, տարեթիվը, կոնկրետ շինարարական տեխնիկան, հատկանաշական տարրը և այլն:
Եթե այս հանրագիտարանը լիներ դասական տեքստային հանրագիտարան, ապա այս հակիրճ, ինֆոգրաֆիկայի սկզբունքով աշխատող պարամետրավորման համակարգը կունենար երկար-բարակ տեքստային կառուցվածք։
Այլ կերպ ասած՝ սա ամենասովորական Amazon խանութի սկզբունքով աշխատող պարամետրավորման կամ ֆիլտրացիոն համակարգ է, ուղղակի զուտ էջի կազմակերպման տեսանկյունից այլ կերպ է հավաքված: Հետագայում գուցե անցնենք հենց, օրինակ, Amazon-ի ֆիլտրացիոն կառուցվածքին:
Եթե օբյեկտների այլ ՏՏ-երը սահմանափակ քանակությամբ արժեքներ կարող են ունենալ (օրինակ՝ սեփականության ընդամենը մի քանի տիպ կա, կամ կացության մի քանի իրավիճակ), ապա «հատկանշական տարրերի» դեպքում արժեքները տեսականորեն կարող են լինել այնքան, որքան օբյեկտներ կան հանրագիտարանում: Դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր կառույց կարող է ունենալ իր հատկանշական տարրը: Բայց, բնականաբար, դրանք կրկնվում են, և այստեղ է սկսվում ամենահետաքրքիր պահը:
Ինչպե՞ս որոշել, որ տվյալ տարրի տիպը համընդհանուր կիրառելի ճարտարապետական էլեմենտ է, որը կարելի է համարել կլասիֆիկացիոն պարամետր, այլ ոչ եզակի դեպք (չնայած որոշ դեպքերում եզակի դեպք հանդիսացող հատկանշական տարրերը ինքնին կարևոր են): Ինչպե՞ս այն սահմանել և անվանել: Ինչպե՞ս մեկնաբանել:
Հանրագիտարանում ներառված են այնպիսի ճարտարապետական կառույցներ, որոնք անուշադրության են մատնված կամ, առհասարակ, այդ կառույցների մասին այլ աղբյուրներ տեղեկություններ չեն հաղորդում։ Ինձ համար մի քանի հայտնություններ իսկապես կային, օրինակ Դիլիջանի Բեթհովենի համերգասրահը, Աշտարակի առեւտրի կենտրոնը, Հրազդանի ավտոկայանը։ Հանրագիտարանում ներառված նման կառույցներից կա՞ն այնպիսինները, որոնք Ձեզ համար նույնպես հայտնություն էին, եւ մինչ այս տեղեկություն չունեիք այդ կառույցի մասին։
Բեթհովենի համերգասրահը Կոմպոզիտորների Տան համալիրի մեջ է մտնում:
Այո, կան: Շատ: Մեր ճամփորդությունը մարզերով նման էր ջունգլիներում կորած քաղաքի գանձերը փնտրող որսորդների արկածների: Մենք մեքենայով շրջում էինք քաղաքներով՝ անցնելով յուրաքանչյուր փողոցով, յուրաքանչյուր բակով և ուշադիր զննում էինք շուրջբոլորը՝ գտնելու համար մեզ հետաքրքրող կառույցներ:
Իհարկե, յուրաքանչյուր քաղաքից մեզ հետաքրքրող կառույցների որոշակի նախնական ցուցակ ունեինք, բայց շրջագայության իմաստը հենց նորերը հայտնաբերելն էր: Եվ հաճախ մի ինչ-որ կողային փողոցում գտնում էինք մի կառույց, որը հայտնագործություն էր մեզ համար: Հաճախ ուղղակի ինտուիցիան էր հուշում, որ հեռվում նշմարվող այն անդեմ թվացող կառույցը կարող է կարևոր բացահայտում լինել: Մենք գնում էինք դեպի այդ կառույցը՝ անցնելով ոլոր-մոլոր ճանապարհներով, բարձրանալով սարի լանջը, մերթընդմերթ կորցնելով կառույցը տեսադաշտից և սրտի տրոփյունով սպասում, մինչ այն բացվի մոտիկից, որպեսզի հասկանանք՝ գանձ ենք գտել, թե մի սովորական բան: Եվ հիմնականում ինտուիցիան չէր խաբում:
Այդպես էր, օրինակ, Հրազդանի մշակույթի պալատի դեպքում, որը քաղաքի ծայրամասում՝ փողոցից հեռու բլրի վրա է, և բնականաբար հեռվից չի երևում, թե ինչ հետաքրքիր ծավալներ ու ճակատային մշակումներ ունի շենքը: Կամ հաճախ խճուղով մի քաղաքից մյուս մեքենայով գնալու ընթացքում ճանապարհին մի ինչ-որ կառույց էինք նշմարում և ստիպված էինք լինում հետ գալ:
Արդյունքում կարող եմ ասել, որ մեր բացահայտած կառույցներից շատ-շատերը նորություն էին և մեզ համար, և նույնիսկ մեր մյուս մասնագետ կոլեգաների համար: Եզակի ճարտարապետներ են, ովքեր կարողանում են հիշել գոնե կառույցի հեղինակի անունը: Հաճախ հեղինակներին էլ չենք կարողանում գտնել: Իսկ ոչ մասնագետ հանրությունը ընդհանրապես ծանոթ չէ այդ կառույցներին կամ օր-օրի, ապրելով դրանց ստվերի տակ, չի գիտակցում դրանց հետաքրքրությունը: Դրանց մեծ մասը երբևիցե չի լուսանկարվել, փաստագրվել կամ ինչ-որ կերպ ֆիքսվել որպես որոշակի ճարտարապետական կարևորություն ունեցող կառույց:
Կինոթատրոն «Գարուն», ՎաղարշապատՍարգիս Գուրզադյան, Միքայել Ալեքսանյան, 1978
Եթե անդրադառնանք հետազոտական աշխատանքին, որն իրականացվել է հանրագիտարանային նյութը համալրելու նպատակով, կարո՞ղ եք առանձնացնել այն կառույցների տիպը, որոնք հատկապես ուշադրության կարիք ունեն եւ գնահատված չեն որպես մշակութային կամ ճարտարապետական արժեք։
Մեզ համար հայտնություն էր «կենցաղի տուն» կոչվող կառույցների տիպը, որոնք խորհրդային տարիներին կային գրեթե յուրաքանչյուր քաղաքում: Ոճային, կոմպոզիցիոն օրինաչափության դրանք չեն ենթարկվում, բայց հատակագծերի ուսումնասիրությունները միանշանակ դուրս կբերեն օրինաչափություններ (դրանք, ամենայն հավանականությամբ, տիպարային հատակագծեր են), որոնք կօգնեն առավել լավ հասկանալու այդ կառույցների գործառույթները և դրանց կազմակերպման ճարտարապետական միջոցները:
Նաև հետաքրքիր են մշակույթի տները, որոնք արդեն ենթարկվում են ոճային օրինաչափության, քանի որ քաղաքական, ագիտացիոն նպատակների էին ծառայում:
Ընդհանրապես յուրաքանչյուր ճարտարապետական տիպի մեջ կան հետաքրքիր և շարքային կառույցներ․ հնարավոր չէ ասել, որ կա մի տիպ, որն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Իհարկե, ավելի հավանական է, որ թանգարանային բոլոր շենքերը կունենան ինքնուրույն, հատուկ նախագծված և հետաքրքիր ճարտարապետություն, մինչդեռ դպրոցների կամ մանկապարտեզների շենքերը, որպես կանոն, տիպարային անհետաքրքիր կառույցներ են:
Կա՞ն այնպիսի ճարտարապետական կառույցներ (նաեւ կցակառույցներ), որոնք յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունեն եւ առանձնահատկություններ կարելի է մատնանշել։
Գրեթե յուրաքանչյուր կառույց ունի ստեղծման հետաքրքիր պատմություն: Մեզ հատկապես հետաքրքրում են այն պատմությունները, որոնք բացատրում են կառույցների ճարտարապետական կառուցվածքը, այսինքն՝ ինչու այս կառույցը կառուցվեց այսպես, ինչ պահանջներից ելնելով, ինչ է ուզում մարդկանց «ասել», փոխանցել կամ «պարտադրել» իր այդ կառուցվածքով:
Սակայն ճարտարապետության տեսանկյունից քիչ են այնպիսի կառույցները, որոնք կարելի է դասել որպես տեղական կամ համաշխարհային ճարտարապետության մեջ ուրույն, կարևոր խոսք ասող ճարտարապետություն:
Բեթհովենի անվան համերգասրահ, Դիլիջան
Լևոն Հովհաննեսյան
Անձամբ ինձ համար՝ որպես տեսաբանի, յուրաքանչյուր շենք ճարտարապետական գոհար է, եթե նույնիսկ կամ հատկապես եթե դա, այսպես ասած, անցումային ճարտարապետության օրինակ է, որը իր էկլեկտիկ, պաստիշային կամ թույլ լուծված ճարտարապետական կառուցվածքների միջոցով ցույց է տալիս ճարտարապետի պրպտումները և այն խնդիրները, որոնց լուծումը հեղինակը փորձել է գտնել և տալ ինքնուրույն՝ չունենալով դեռ կայացած ճարտարապետական դպրոց կամ ճարտարապետական բառարան: Նաիվ ճարտարապետությամբ շենքերը լավագույնս են ցույց տալիս ճարտարապետի առաջ կանգնած խնդիրը, նրա մտահոգությունները և ստեղծագործական մտքի աշխատանքը:
Կուզենայի շեշտել նախկին ВДНХ-ի համալիրը (Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիր) Երևանի հարավային ծայրամասում, որը, ինչպես և մեր ուսումնասիրած կառույցների մեծ մասը, ներկայումս անգործ է, անհայտ և հետզհետե քայքայվում է: Ոչ այնքան լավ հայտնի ճարտարապետ է Սարգիս Գուրզադյանը, ով չնաշխարհիկ ճարտարապետական կոմպոզիցիոն կառուցվածքներ է ստեղծել: Ընդհանրապես մենք գիտենք մեկ կամ երկու ճարտարապետի անուն, մինչդեռ կան շատ ճարտարապետներ, ովքեր ունեին շատ յուրահատուկ ձեռագիր և կարևոր կառույցներ են թողել պատմության մեջ:
Համալրվելու՞ է հանրագիտարանային նյութը․ օգտատերը հնարավորություն կունենա՞մասնակցել համալրման ընթացքին եւ, եթե այո, ինչպե՞ս։
Հանրագիտարանը, կարելի է ասել, իր մի քանի հատորներից դեռ ընդամենը մեկ էջն է լրացրել: Մենք ունենք հսկայական արխիվ և նյութեր, որոնք դեռ պետք է տեղադրվեն: Սա ընթացիկ աշխատանք է, որով մենք սիստեմատիկ կերպով զբաղվելու ենք մոտակա ամիսների և տարիների ընթացքում: Ցանկացած հանրագիտարան տարիների աշխատանք է պահանջում որոշակի ամբողջականության գալու համար:
Հանրագիտարանի վերջնական նպատակն է` դառնալու Վիքիի տիպի բաց հանրային նախագիծ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իր լուման ներդնել գիտելիքի հավաքագրման և կայացման գործում։ Այս պահին կայքում նշված է, որ հանրագիտարանի համալրման կամ ճշգրտման աշխատանքներին կարելի է մասնակցել պարզապես մեզ նամակ ուղարկելու միջոցով:
Եվ վերջում, որպես ճարտարապետության տեսաբան եւ քննադատ եւ այս ոլորտի պրոֆեսիոնալ լրագրող՝ հայաստանյան ճարտարապետությանը հղված ամենահրատապ հարցը։
Ես կուզենայի, որ այսօրվա հայկական ճարտարապետական դպրոցը վերադառնա իր երբեմնի՝ կորսված պրոֆեսիոնալիզմին, որպեսզի կայանա շինարարական շուկան և զարգանան տեխնիկա-տեխնոլոգիական հմտություններն ու հնարավորությունները, որոնք կբերեն ճարտարապետության որակի բարձրացմանը և կերպարային-կառուցվածքային բազմազանությանը, ես երազում եմ, որպեսզի այսօրվա հայկական ճարտարապետական միտքը դուրս գա անցյալի կամ միջազգային ճարտարապետական փորձի վատ մարսված ու մեխանիկորեն կրկնվող կառուցվածքների ստվերի տակից, նայի իր ներկային, իր փաստացի իրավիճակին, իր ներքին էսթետիկային և, ձեռքը վերցնելով իր ունեցած գործիքները, առաջնորդվելով պահի, տեղի, տեղանքի իրավիճակից և խնդիրներից, սրտացավորեն դուրս բերի 21-րդ դարի հայկական ճարտարապետության ուրույն դպրոցը, ինչպես որ միշտ եղել է, նույնիսկ անդեմ, միատարր միջազգային ոճի կամ մոդեռնիզմի պարագայում:
Հարցազրույցն առաջին անգամ հրապարակվել է hetq.am կայքում