Մոնումենտալ արվեստ

Մոնումենտալ արվեստը խորհրդային ճարտարապետության մեջ մեծ դեր ուներ: Այն ոչ միայն կոչված էր ծառայելու գեղեցիկին և «կոտրելու» անդեմ մոդեռնիստական կամ տիպարային ճարտարապետության սառնությունը, այլ նախ և առաջ ծառայում էր որոշակի գաղափարական քարոզչությանը: Մոնումենտալ արվեստի օբյեկտները՝ բարելիեֆները, խճանկարները և, հատկապես, որմնանկարները, կոչված էին խորհրդային քաղաքացուն անընդհատ և ամենուր հիշեցնել իր խորհրդային գոյության և էության կռվանները՝ աշխատանքի կարևորությունը, գիտության ձեռքբերումները, տիեզերքի գրավումը: Այս ամենը, իհարկե, ներկայացված էր ազգային-պատմական փաթեթավորմամբ: Արդիական-պրոլետարական ձեռքբերումների և  իրողությունների գովասանքի կողքին հանդիպում են մեջբերումներ ազգային պատմությունից և մշակույթից: Իսկ յուրաքանչյուր գյուղում ու քաղաքում գտնվող մշակույթի տները կամ պիոներ պալատներն ու ճամբարները, որոնք ինքնին հաճախ գաղափարականացված մշակույթի ու արվեստի սփռման աղբյուրներ էին, զարդարվում էին հայ մշակույթի և պատմության անցյալից «լեգիտիմ» մեծերի նշանային (իկոնիկ) պատկերներով և դրվագներով:



Encyclopedia