Ռեգիոնալ մոդեռնիզմ
Two Masterpieces of Raphael Israelyan: Keeping Identity from the Socialist Realism to the Soviet Modernism
Նունե ՉիլինգարյանԽորհրդային ճարտարապետության ավելի քան 70 տարիների զարգացման ընթացքում փոխվեցին ոճական ուղղությունները, ինչպես նաև դրանք ձևավորող արտաքին և ներքին գաղափարախոսական և գեղագիտական գործոնները:
Խորհրդային շրջանի հայկական ճարտարապետությունը`զարգանալով ԽՍՀՄ-ի ողջ տարածքն ընդգրկող այս համընդհանուր հոսանքների ներքո, այնուհանդերձ ուներ իր ուրույն նկարագիրը: Այս ժամանակաշրջանի հարուստ ճարտարապետական ժառանգությունը կարելի է դասակարգել երեք հիմնական ուղղությունների մեջ, այն է` կոնստրուկտիվիզմ (1924 - 1933), սոցռեալիզմ, որին ներդաշնակորեն ներգծվեց նեո-ազգային հոսանքը (1933-1960), և խորհրդային մոդեռնիզմ (1960 - 1980): Դժբախտաբար, հայկական կոնստրուկտիվիզմը ներկայացնող կառույցները փոքրաթիվ են, սակայն մյուս երկու ուղղությունները թողեցին չափազանց հարուստ և արժեքավոր ժառանգություն, որի նշանակությունն ու դերը դեռևս խորացված վերլուծության կարիք ունեն:
Մեծ Սովետական Հանրագիտարանում սոցիալիստական ռեալիզմ տերմինը մեկնաբանվում է որպես “գրականության և արվեստի գեղարվեստական մեթոդ , որն իրենից ներկայացնում է սոցիալիստական հասարակարգի հաստատման և կառուցման համար պայքարով պայմանավորված աշխարհընկալման գեղագիտական արտահայտություն:” Այլ կերպ ասած, տերմինը նշանակում է արվեստ, որն արտացոլում է սոցիալիստական ապրելակերպի համար մղվող պայքարը և նրա հաղթանակը: Չնայած ձևակերպման թվացյալ հստակությանը, սոցռեալիզմը ամենա բազմիմաստ և հարուստ խորհրդանշական բովանդակություն ունեցող մշակութային երևույթներից մեկն է, հատկապես ճարտարապետության բնագավառում:
Հայաստանում, ինչպես և նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, սոցռեալիզմի ճարտարապետական կոնցեպտը սկզբնապես նպատակ ուներ ետին պլան մղել գաղափարազուրկ /ինչպես այն ժամանակաշրջանում էր համարվում/ կոնստրուկտիվիզմ–ֆունկցիոնալիզմը: Ժամանակի ընթացքում այս վերացական նպատակը մարմնավորվում է կարևորագույն երևույթներ և իրադարձություններ խորհրդանշող կոնկրետ կառույցների և համալիրների մեջ, որոնք բնութագրող բանալի բառը “հաղթանակն” է: Այսօր ավելի ու ավելի պարզ է դառնում, որ այս ժառանգության արժեքը տեղական նշանակության գաղափարախոսական ձեռքբերումներից շատ ավելի մեծ է:
Հայկական խորհրդային մոդեռնիզմը սկսեց ձևավորվել 1960-ական թվականներին: Սկզբնապես այն իրենից ներկայացնում էր Արևմտյան մոդեռնիստական կոնցեպտի փոքր ինչ երգչոտ նմանակում: Սակայն շատ շուտով, ինչպես և սեցռեալիզմի դեպքում, հայկական խորհրդային մոդեռնիզմը գտավ իր անհատական կերպը, ստացավ ազգային դիմագիծ և հարստացավ գեղարվեստական արտահայտչականության ուրույն սկզբունքներով:
Սոցռեալիզմից` խորհրդային մոդեռնիզմ անցումնային շրջանում (1955-1970) ձևավորվեց հայ ճարտարապետների մի փայլուն համաստեղություն, որոնց տարբեր ստեղծագործությունները` ունենալով երկու հոսանքների տարրեր, այնուհանդերձ արտահայտում էին հեղինակի ուժեղ անհատականությունը և ազգային ոգին: Ռաֆայել Իսրայելյանը այսպիսի բացառիկ վարպետներից մեկն էր, ով ստեղծագործել է իր ժամանակի սկզբունքների համաձայն` մշտապես մնալով ինքնատիպ և “ժամանակից դուրս”:
Բերենք միայն երկու օրինակ վարպետի թողած հարուստ ժառանգությունից:
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆ, 1950
Մայր Հայաստան հուշարձանը /նախկին Հաղթանակի հուշակոթող/ տեղադրված է Երևանի Հաղթանակի այգում: Այն իրականացված է 1950 թվականին ` ի հիշատակ Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի: Սկզմբապես պատվանդանի վրա /որի մեջ տեղադրված է զինվորական թանգարանը/ Իոսիֆ Ստալինի արձանն էր դրված /նկ.1/: Այս արձանը քանդակագործ Սերգեյ մերկուրովի լավագույն ստեղծագործություններից մեկն էր համարվում: Հուշարձանի հեղինակները 1951թ արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակին: 1967թ Ստալինի արձանը փոխարինվեց “Մայր Հայաստան” արձանով /քանդակադործ` Արա Հարությունյան, նկ.2/:
Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 52մ է /30մ` պատվանդանը և 22` մետր արձանը/: Բարձր բլուրի վրա տեղադրված կառույցի ուրվագիծն իշխում է շրջապատը և տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր կողմերից: Հուշարձանի կերպարը խիստ է և արտահայտիչ: Նրա երկու մասերից յուրաքանչյուրն ունի ինքնուրույն ճարտարապետական և գեղարվեստական արժեք:
Ռաֆայել Իսրայելյանի նախագծած պատվանդանի հորինվածքը երկիմաստ է: Արտաքուստ այն մոնումենտալ, գրեթե չմասնատված, սև սրբատաշ տուֆից իրականացված ծավալ է, որն ընդգրկում է թանգարանի երեք մակարդակները` Երկրորդ Աշխարամարտին նվիրված ցուցասրահը, Արցախի ազատագրման թանգարանը և` վերնամասում, գիտաժողովների դահլիճը: Նախասրահի զույգ խաչվող կամարների վրա հենված գմբեթածածկ շենքի կառուցվածքը հիշեցնում է հայկական միջնադարյան գավիթները /նկ.3/: Հուշարձանը կառուցելուց տարիներ անց հեղինակը խոստովանել է. «Գիտեմ, որ բռնակալների փառքն անցողիկ է, դրա համար էլ կառուցել եմ սովորական հայկական եռանավ եկեղեցի»:
Գլխավոր ճակատի հորինվածքի դեկորատիվ շեշտերն են կամարակապ մուտքը` երիզված 19 տարբեր նկարվածքով քանդակազարդ վարդյակներից կազմված ժապավենով, պղնձե կոփածո դուռը, “Հաղթանակի շքանշան” բառելյեֆը և սոցիալիստական խորհրդանիշներով փոքր բրան /նկ.4/: Պատերի վրա լուսամուտներ չկան, սակայն ներքին տարածքների մեծամասնությունն առատ լուսավորվում է ծածկերի մեջ ներառված հորիզոնական բացվածքներից: Կառուցվածքի տեսանկյունից գիտաժողովների դահլիճը պատվանդանի ներքին տարածություններից ամենահետաքրքիրն է`: Կիսակլոր գմբեթը ներգծված է պատվանդանի քառանկյուն ծավալի մեջ /նկ.5/:
Պատշտպանության նախարարությանը պատկանող հուշարձանը և նրան կից ճեմուղին վերանորոգվել են 1980-ական թվականների սկզբին /նկ.6/:
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, 1968-1977
Այս եռամաս համալիրը կարող է որակվել որպես սոցիալիստական ժամանակաշրջանի ճարտարապետության պատմահայրենասիրական ռեալիզմի բացառիկ օրինակ: Այն տեղադրված է Արմավիրի շրջանի Արաքս գյուղի մոտակայքում` Արմավիր քաղաքից 11 կմ հեռավորության վրա:
Համալիրը բացվել է 1968թ, Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակի տոնակատարության օրերին: Պատմաբան հետազոտող Քրիստոֆեր Ուոքերի բառերով ասված, “եթե հայերը պարտվեին Սարդարապատի ճակատամարտում, հնարավոր է, որ “Հայաստան” բառն այսօր կգործածվեր միայն որպես անտիկ շրջանի աշխարհագրական տերմին”: Հուշահամալիրի յուրաքանչյուր հատվածը և նրա հորինվածքն ամբողջությամբ կարծես ներծծված են այս պատմական իրադարձության բացառիկ կարևորության շնչով:
Գլխավոր մուտքային առանցքի երկու կողմերում տեղադրված երկու թևավոր ցուլերի քանդակները յուրօրինակ պորտալ են ծառայում համալիրի կենտրոնական տարրի` 26 մետր բարձրությամբ հաղթական “Զանգակատան” համար, որի տասներկու զանգերը տեսանելի են շատ հեռվից /նկ.7/:
Հուշահամալիրի երկրորդ մասը Արծիվների ուղին է, որը տանում է դեպի Հաղթանակի պատը: Պատի կամարակապ բացվածքից տեսանելի է համալիրի երրորդ մասը` Հայաստանի Ազգագրության թանգարանը: Այն նախագծված է մասիվ, անառիկ միջնադարյան ամրոցի կերպարով /նկ.8/: Քառակուսի հատակագծով շենքի մեջ ներառված են ներքին բակեր և երեք ցուցասրահներ /նկ.9/, որոնց ծածկի կառուցվածքը իրականացված է հայկական ժողովրդական տան “հազարաշեն” կոչված ծածկի օրինակով /նկ.10/:
Սարդարապատի հուշահամալիրն իրենից ներկայացնում է ճարտարապետության և մոնումենտալ արվեստի եզակի սինթեզ, շեշտադրված առանցքային տարածական հորինվածք, որը ներդաշնակորեն ներգծված է Արարատյան դաշտավայրի լանդշաֆտի մեջ:
Նկարագրված երկու կոթողները` հայկական չորս համալիրների կազմում ներկայացվել են 2013թ Վարշավայում կայացած “Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի սոցռեալիզմի Ճարտարապետական ժառանգություն համազգային սերիական նոմինացիա`ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխրհային ժառանգության ցուցակի մեջ” միջազգային փորձագետների գիտաժողովում:
Նշենք այս երկու համալիրները միավորող ընդհանուր առանձնահատկությունները`
- Երկու համալիրներն էլ ստեղծված են` հաշվի առնելով յուրօրինակ քաղաքաշինական կամ բնական միջավայրը և դրանց իշխող տարրերն են;
- Յուրաքանչյուր նախագծային լուծում, արտաքին կամ ներսույթի յուրաքանչյուր տարր ենթարկված է ընդհանուր հորինվածքին, որն իր հերթին թելադրված է քաղաքաշինական կոնտեքստով և թեմատիկ բովանդակությամբ;
- Չնայած ֆունկցիոնալ նշանակության տարբերությունը, անկախ սոցիալիստական հասարակարգը խորհրդանշող դեկորատիվ տարրերի առկայությունից կամ բացակայությունից, իրականացման տարբեր ժամանակաշրջաններից և տարբեր իրադարձություններից, որոնց նվիրված են կոթողները, դրանց ճարտարապետությունը հիմնված է տեղական շինարարական նյութի /տուֆ, բազալտ,գրանիտ/ կառուցվածքային և գեղագիտական հարուստ հնարավորությունների վրա;
- Կիրառված է գեղարվեստական արտահայտչամիջոցների յուրօրինակ սինթեզ, մասնավորապես սրբատաշ քարի հարթ մակերևույթի և քանդակազարդ դեկորատիվ տարրերի կոնտրաստային համադրությունը;
- Երկու համալիրների ճարտարապետության մեջ զուտ դեկորատիվ նշանակություն ունեցող տարրերը փոքրաթիվ են, սակայն ունեն հզոր գեղագիտական հնչեղություն: Սա հայկական միջնադարյան ճարտարապետության հիմնարար սկզբունքներից մեկն է:
- Երկու համալիրն էլ ազգային նշանակության հուշարձաններ են:
Նախնական վերծուծության համաձայն, “Մայր Հայաստան” հուշարձանը և Սարդարապատի հուշահամալիրը կարող են հավակնել ՅՈՒՆեՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցուցակում ընդգրկվելու հետևյալ չափանիշներից առնվազն մեկով.
ii. Օբյեկտը վկայում է տվյալ ժամանակաշրջանում կամ որոշակի մշակութային տարածքում ճարտարապետության, տեխնոլոգիաների, մոնումենտալ արվեստի, քաղաքների նախագծման կամ լանդշաֆտների ստեղծման մեջ արտահայտված մարդկային արժեքների նշանակալի փոխազդեցության մասին;
iii.Օբյեկտը հանդիսանում է անհետացած կամ մինչ օրս գոյություն ունեցող մշակութային ավանդույթի կամ քաղաքակրթության եզակի, կամ առնվազն բացառիկ ստեղծագործություն;
iv.Օբյեկտը կառուցվածքի, ճարտարապետական, տեխնոլոգիական համալիրի կամ լանդշաֆտի նշանավոր օրինակ է, որը բնութագրում է մարդկային պատմության կարևոր ժամանակաշրջան;
vi.Օբյեկտը անմիջական կամ նյութական կապ ունի բացառիկ համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությունների, գոյություն ունեցող ավանդույթների, գաղափարների, հավատամքների, գեղարվեստական կամ գրական ստեղծագործությունների հետ: