Ավանդույթ և արդիականացում

Մոդեռնիզմ, թե՞ ոչ մոդեռնիզմ

Եվա Էսս

Մոդեռնիզմը մարդամոտ ոճ չէ: Նույնիսկ ասում են, որ մոդեռնիզմի հայրերից մեկը՝ ճարտարապետ Կոռբյուզիեն տառապում էր աուտիզմի որոշակի տիպով, ինչի արդյունքում նրան տհաճություն էր պատճառում վիզուալ ինֆորմացիայի հագեցվածությունը, այդ պատճառով էլ նա ձգտում էր պարզության ու մինիմալիզմի իր ճարտարապետության և հատկապես մակերևույթների մշակման մեջ: Այո, մոդեռնիզմը հեշտ բան չէ: Մոդեռնիզմին բնորոշ լակոնիզմն ու պարզությունը, կառուցվածքի արտահայտվածությունը արտաքնապես այն դարձնում է տաղտկալի, տխուր, տգեղ, անիմաստ...կարճ ասած՝ անընթեռնելի: Կամ համր:
Այո, մոդեռնիզմը ճարտարապետություն է, որը խոսում է այլ լեզվով, և եթե այդ լեզուն չգիտես, այն մնում է համր ու տաղտկալի: Մոդեռնիստական կառույցներում առանձին էլեմենտները վերաիմաստավորված են ըստ կառուցվածքի տրամաբանության և հաճախ ՛դեֆորմացված՛, այդպիսով դարձնելով ընդհանուր ծավալը դրանք ընթերցել չկարեցողի համար մուտանտ ճարտարապետություն: Բայց եթե կարողանում ես ընթերցել մոդեռնիստական կառույցի կառուցվածքը, այն դառնում է նույնքան խոսուն և ինֆորմատիվ, նույնքան մարդամոտ, ծանոթ ու ընթեռնելի, որքան և ճարտարախոս դասական ճարտարապետությունը:
Ռոմեո Ջուլհակյանի մենատունը, որը վերափոխման ընթացքի մեջ է, վերոնշյալ երևույթի հետաքրքիր օրինակ է: Այն չունի տուն պատկերին բնորոշ և ոչ մի տարր՝ երկթեք տանիք կամ գոնե կառուցվածքի կոմպոզիցիոն վերջը ամրագրող քիվ, սիմետրիկ տեղադրված հավասարաչափ պատուհաններ, մարդաչափ մուտք ու պատշգամբ...Այս մենատունը քանդակի է նման, նրա բոլոր էլեմենտները ծավալային, կոմպոզիցիոն ու տարածական խաղ ստեղծելուն են ուղված: Զարմանալի չէ, որ դրա բնակիչը ցանկանում է փոփոխել այն՝ դարձնելով տունիկ՝ բառիս բուն իմաստով՝ իր քիվով, շարվածքի իմիտացիայով, սիմետրիկ պատուհաններով, որոնց միջից ժանյակե վարագույրն ու պատուհանակոնքին դրված ծաղկամանն են երևում: 

Այդ դեպքը կարելի է համարել դասագրքային օրինակ, թե ինչպես է քանդակային, յուրօրինակ մոդեռնիզմը հակադրվում...տունիկին:   


Դավիթ ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Panorama.am կայքից