Ճարտարապետական միջավայր

Մի ճարտարապետական սիմֆոնիայի մասին

Արեգ Ասատրյան
Եվա Էսս

Մենք՝ քաղաքաբնակներս, առօրյա հոգսերով տարված, հաճախ չենք նկատում մեր քաղաքի ճարտարապետական բարեմասնությունները, նկատելուց էլ ոչ բոլորս ենք հասկանում կամ փորձում հարցադրել, թե ինչ սկզբունքով է այն կառուցված, ինչն է պատճառը, որ մի հրապարակում կամ այգում մեծ հաճույքով կժամադրվեիր սիրելիիդ հետ, իսկ մյուսում 5 րոպե նստելուց՝ արդեն սկսում ես վիճել, մի փողոցով անցնելուց քայլերդ դանդաղեցնում ես, իսկ մյուսով ուզում ես արագ անցնել: Իրականում գաղտնիքը մեկ կոնկրետ բնորոշում, անուն չունի, այլ համախումբ է մի շարք ակնհայտ ճարտարապետական սկզբունքների, որոնք եթե ընդհանրացնենք՝ գուցե և ստանանք այդ գաղտնիքի մոտավոր բնորոշումը. Երկխոսություն շրջապատի հետ:

Ինչպես երաժշտական սիմֆոնիայում մեղեդային թեմաներն են իրար արձագանքում և, լինելով ամեն մեկը մի ինքնուրույն երաժշտական թեմա, կազմում մեկ ամբողջություն, այնպես էլ ճարտարապետական միջավայրը, սկսած միավոր տարրից՝ բակից, փողոցից, հրապարակից մինչև ամբողջ թաղամասերն ու դրանք ամբողջացնող քաղաքը, կազմված է իրար հետ երկխոսող, իրար հետ հաշվի նստող, իրար փոխլրացնող ու իրար միտքը շարունակող առանձին կառույցներից: Եվ եթե երաժշտական սիմֆոնիան ականջ է շոյում իր ներդաշնակությամբ, ապա ճարտարապետական միջավայրն էլ աչք կշոյի միայն իր բաղադրիչ կառույցների ներադշնակ համադրության դեպքում: Եվ ինչպես նույն սիմֆոնիայում թեման կարող է մի գործիքից անցնել մյուսը, զարգանալ, մշակվել ու ձևափոխվել մինչև անճանաչելիություն՝ պահելով իր թեմատիկ հնչեղությունը, այնպես էլ ճարտարապետական համալիրում բաղադրիչ կառույցները կարող են իրարից շատ տարբեր լինել, նույնիսկ՝ ոճային առումով, բայց մնալ ներդաշնակ երկխոսության մեջ: Դա կարելի բացատրել միայն մի կերպ՝ այդ ճարտարապետական զրույցում դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն խոսքն ասելու, բայց զրույցի թեման նույնն է:

Ճարտարապետական այս սիմֆոնիան լավագույնս դրսեւորվում է հրապարակների օրինակով, հատկապես այնպիսի, որոնք կառուցապատվել են ժամանակի մեջ, տարիների ընթացքում: Մենք մեր սիրելի ու երբեմնի վարդագույն քաղաքում ունենք մի այդպիսի գողտրիկ հրապարակ, որը, վստահ ենք, սիրելի է բոլորին և այնքան կոկիկ ու ներդաշնակ է ներգծված իր միջավայրին, որ մենք նույնիսկ չենք էլ նկատում դրա գոյությունը:

Խոսքը Ազնավուրի հրապարակի մասին է, մի գողտրիկ անկյուն, որը բացի արդեն հարուստ հասարակական-մշակութային պատմություն ունենալը, նախ և առաջ ունի մեկ այլ պատմություն՝ ճարտարապետական պատմություն: Եվ եթե փորձենք լռել, ապա գուցե մենք էլ կլսենք այն:

Այս կիսաշրջանաձեւ հրապարակը որպես այդպիսին նախանշված էր դեռեւս Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծի առաջին տարբերակում:

Հրապարակը սիրված է եղել իր ձեւավորման տարիներից ի վեր: Ժամանակին այստեղ կանգնած էր Խաչատուր Աբովյանի արձանը եւ գուցե հրապարակն էլ կոչվում էր իր անունով: Բայց հետագայում արձանը տեղափոխվեց եւ տեղադրվեց Աբովյան փողոցի սկիզբը կազմող պուրակում:

Եւ քանի որ այս հրապարակը համարյա միշտ եղել է ճարտարապետների, դիզայներների եւ քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում, ժամանակ անց արձանից թափուր մնացած տարածությունը բարեկարգվեց ջրավազանով:

Ազնավուրի հրապարակի բարեկարգ վիճակը իր բարերար ազդեցությունը ուներ նաեւ իրեն հարող տարածքներին, հատկապես Աբովյան փողոցի այն հատվածին, որ ձգվում է Սայաթ-Նովայի պողոտայից մինչեւ Պուշկինի փողոց, եւ շարունակվում դեպի Հանրապետության հրապարակ: Փողոցի նկատմամբ կիրառվող հետեւողական ուշադրության արդյունքում 70-ականներին Աբովյանի վերը նշված հատվածը ստացավ նոր, ավելի ազատ շունչ:  Բարեկարգվեցին մայթերը, համադրելով սիզամարգերը եւ ջրային հարթությունները, ավելացվեցին ճարտարապետական փոքր ձեւեր եւ դետալներ, սկսեցին գործել բացօթյա սրճարաններ` ՛թարմա՛ պերգոլաներով, ցայտաղբյուրներով եւ լուսային ցուցանակներով: Նույնիսկ վերափոխեցին փողոցի ծածկույթը` ասֆալտը փոխարինելով նախշաձեւ բետոնով:

Որպես այս գործընթացի արդյունք քաղաքապետարանին հաջողվեց փակելով մեքենաների երթեւեկությունը, փողոցի այս հատվածը ամբողջովին տրամադրել հետիոտնին:

Փողոցը փակում էին շաբաթ-կիրակի օրերին, դրանով իսկ շեշտելով այն տրամաբանական սովորույթը, որ ժամանցի համար ավելի հարմար է փողոց դուրս գալ զբոսնելու եւ ոչ թե երթեւեկելու:

Աբովյան փողոցի` Սայաթ-Նովայից մինչեւ Հանրապետության հրապարակ ձգվող, պատմական այս հատվածը առանձին քննարկման նյութ է:

Իսկ փողոցի ամենագրավիչ հատվածը Ազնավուրի հրապարակն է, որ ունի առանձին ձգող ուժ: Նա, որպես ճարտարապետական կիզակետ իր շուրջն է հավաքում բազմությանը:

Ֆունկցիոնալ տեսակետից պատճառը կարծես պարզ է: Հրապարակի շուրջ են հավաքված մի քանի մշակութային օջախներ` բազմադահլիճ կինոթատրոն, հյուրանոց, ռուսական դրամատիկական թատրոն, նկարիչների տուն ցուցասրահով եւ իր հայտնի բացօթյա սրճարանով, որը շարունակվում եւ միաձուլվում է հարակից հյուրանոցի ռեստորանին: Եւ դա արդեն բազմություն գրավելու կարեւոր պայման է: Բայց չեմ կարծում որ միայն պրակտիկ գործառույթը բավարար է քաղաքի որեւէ հատվածը մարդկանց համար գրավիչ դարձնելու համար:

Իրոք, ո՞րն է գաղտնիքը, ինչու է այն եղել սիրված եւ մնում է այդպիսին շատ երեւանցիների համար: Ո՞րն է այն կապողը, որ ստեղծում է այդ չերեւացող միջավայրը` Երեւանին բնորոշ միջավայրը, որ քաշում եւ բերում է մարդկանց հենց այս հրապարակը:

Կարծես ոչ մի արտասովոր բան չկա, բայց կա քաղաքին բնորոշ էներգիա, երբեմն արագաքայլ, երբեմն ալարկոտ, նայած օրվա եւ տարվա ժամանակին եւ եղանակին:

Համարյա ոչ ոք չի էլ կասկածում, որ այս հրապարակը ձեւավորվել է մի խումբ ճարտարապետների տարիների ընթացքում կատարված լռելայն համագործակցության արդյունքում:

Կա մի ավելի կարեւոր գործոն` դա այս հատվածի պատմական միջավայրն է, որ գոյացել եւ ձեւավորվել է տարիների ընթացքում: Եւ այդ տարածությունը ձեւավորելու գործում ամենակարեւոր գործոնը դա միջավայրը կերտող եւ պահող կառուցապատումն է, իր ուրույն ճարտարապետական դեմքով:

Նիկողայոս Բունիաթյան` “Երեւան” հյուրանոց, “Մոսկվա” կինոթատրոն` Գեւորգ Քոչար, Տիրան Երկանյան եւ Նկարիչների տուն` Ռաֆայել Իսրայելյան:

Ճարտարապետներ, որոնք պատկանելով տարբեր ճարտարապետական դպրոցների, սնվելով տարբեր ոճական եւ ձեւաբանական աղբյուրներից, օգտագործելով տարաբնույթ արտահայտչական լեզուներ, տարբեր ժամանակներում նախագծել եւ կառուցել են հրապարակ ձեւավորող երեք շենքեր, արդյունքում իրականացնելով մի ամբողջական ընկալվող համալիր, որն իր տեսակի մեջ եզակի է:

Նախքան վերլուծական եւ նաեւ բացահայտող եզրակացություններին անցնելը արժե հակիրճ ներկայացնել այդ շենքերի հետ կապված մի քանի պատմական իրողություններ, որոնք հետաքրքիր են որպես Երեւանի պատմության մի մաս եւ որպես այդ շենքերի ճակատագրերի բացահայտում:

Սկսենք այն փաստից, որ Ալեքսանդր Թամանյանը իր առաջին` 1924 թ. Երեւանի գլխավոր հատակագծում նախատեսել է մի  հրապարակ այսօրվա Ազնավուրի հրապարակի տեղում: Այստեղից շեղորեն հյուսիսից-հարավ ուղղությամբ նկատում ենք մի փողոց որը միացնում է այն այսօրվա Սախարովի հրապարակի հետ: Ազնավուրի հրապարակին նայող կառույցներից մեկը` հատակագծում ուղղանկյուն կազմող կառույց է, որի կողային ճակատը նայում է շեղ փողոցին:

Դա պարսկական մզկիթն է, որ Թամանյանը նախատեսում էր պահել Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու հարեւանությամբ (տես` գլխավոր հատակագիծը, որտեղ գույներով նշված են պաշտամունքային շենքերը): Թե ինչպիսին է եղել Թամանյանի մոտեցումը Երեւանում այն ժամանակ գոյություն ունեցող կառույցների հետագա բախտը տնօրինելու հարցում, առանձին խոսակցության նյութ է, բայց իր 1924 եւ 1925 թվերին մշակված գլխավոր հատակագծերում նա չէր նախատեսում քանդել այս երկու տարբեր հավատքներին պատկանող պաշտամունքային կառույցները` եկեղեցին եւ մզկիթը, ընդ որում փորձելով նրանցով իսկ կազմակերպել հրապարակը:

Մեր այս դրույթը հիմնավորվում է այն փաստով, որ հրապարակի վրա կառուցվելիք առաջին շենքը` Նիկողայոս Բունիաթյանի կողմից նախագծված եւ 1926թ. արդեն կառուցված հյուրանոցը իր հատակագծում լուծել է Թամանյանի գլխավոր հատակագծի առաջադրանքը, այն է պահել գոյություն ունեցող մզկիթը: Հենց այդ հանգամանքն է ստիպել Բունիաթյանին կրճատելով հյուրանոցի հրապարակին նայող ամենացանկալի ճակատը շարունակել այն հրապարակները կապող շեղ փողոցին նայող երրորդ ճակատով: Եւ այս է հիմնական պատճառը, որ հյուրանոցի երեք ճակատները կառուցված են սրբատաշ քարով հատակագծում կազմելով փակ հնգանկյուն: Մշակված ճակատներից երկուսը նայում են Աբովյան փողոցին եւ հրապարակին, իսկ երրորդը` մշակված ավելի զուսպ դեկորով, նայում է մզկիթին (տես` մզկիթի եւ հյուրանոցի լուսանկարը եւ հատակագիծը): Հնգանկյունը լրացնող մյուս երկու ճակատները շարված են խամ քարով եւ հիմնականում խուլ են մի քանի փոքր պատուհաններով, քանի որ նայում են հարեւան տարածքների տնտեսական բակերին:

Դժբախտաբար մի քանի տարի անց երկրի քաղաքական մթնոլորտը կտրուկ փոխվում է եւ սկսվում է “վհուկների որսը”…

Առանձին ուսումնասիրության նյութ է, թե ինչ հանգամանքներում է նախագծվել “Մոսկվա” կինոթատրոնը, 1931 թվականին: Բայց համոզված ենք, որ դա չէր Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու քանդման պատճառը:

Եկեղեցին քանդելու որոշումը կայացվել է նախօրոք, իսկ կինոթատրոնի կառուցումը դրա հետեւանքն է: Հիշեցնեմ, որ պաշտամունքային կառույցները վերափոխելու եւ որպես ժամանցի վայր օգտագործելու միտքը 30-ականների կուսակցական ղեկավարների գաղափարական պայքարի հնարքներից է: Օրինակ` Աստվածածին եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես կինոթատրոն “Անաստված” անունով (այժմ Չարենցի անվան դպրոցի տեղում):

Գեւորգ Քոչարի եւ Տիրան Երկանյանի նախագծով կառուցված “Մոսկվա” կինոթատրոնի շենքը (1931-1932 թթ.) իր հատակագծով շարունակում եւ ամբողջացնում է Թամանյանի նախատեսած հրապարակը, դրանով իսկ իրականացնում քաղաքաշինության հիմնական դրույթներից մեկը, անկախ մասնավոր կառույցին առաջադրված խնդիրների համար ընտրված ճարտարապետական լուծումներից, առաջնորդվել ամբողջական համալիր ստեղծելու գերակա նշանակությամբ:

Այս տեսակետից առանձնահատուկ է այն հանգամանքը, որ Քոչարը եւ Երկանյանը ի տարբերություն Բունիաթյանի, հարում էին ճարտարապետական այլ ուղղության, բայց լինելով բարձր վարպետության ճարտարապետներ պահպանել են հրապարակը գոյաձեւող հիմնական սկզբունքները` մասշտաբայնությունը, ռիթմը եւ հարկայնությունը, նույնիսկ պահելով տանիքը երիզող քիվի բարձրությունը: Հեղինակների կողմից որպես նոր պայման, առաջարկված է հրապարակի ավելի հստակորեն արտահայտված կորը, որը ներգծված է կիսաշրջանի վրա: Սա ավելի քան ամփոփում է տարածքը եւ հրապարակին հաղորդում է կամերային, հյուրընկալ դիմագծեր:

Հետագա տարիներին տարածքի քաղաքաշինական իրավիճակները կրկին փոխվում են` մեզ համար անհայտ պատճառներով քանդվում է նաեւ մզկիթը: Ստեղծվում է մի նոր իրավիճակ, որտեղ արդեն ձեւավորված հրապարակը կորցնում է իր ամբողջականությունը` առաջանում են նոր դատարկված տարածություններ:

1955-56 թթ. Ռաֆայել Իսրայելյանը նախագծում եւ կառուցում է Հայաստանի Նկարիչների միության եւ ցուցասրահի շենքը: Մի շենք, որ շատ քիչ է նշվում կամ քննարկվում Ռաֆոյի բազմաթիվ այլ ստեղծագործությունների շարքում:

Ռաֆայել Իսրայելյան` մի ճարտարապետ, որը հայտնի է իր ճարտարապետական վառ անհատականությամբ, ինքնատիպ ծավալա-տարածական լուծումներով, տվյալ դեպքում նախագծել եւ կառուցել է կարծես թե մի անշուք շենք: Երեւանցիներից շատերը կարծում են թե դա ուղղակի հյուրանոցի շարունակությունն է, քանի որ ճակատում այն շարունակում է պատուհանների դետալների լուծումները, չափերը եւ նույնիսկ հեռավորությունները, որոնք բնորոշ են հյուրանոցին:

Իսկ մեր կարծիքով այս շենքը վարպետի ստեղծագործության ամենափայլուն դրսեւորումներից մեկն է: Ճարտարապետական մասնագիտության բարձր թռիչքի փայլուն օրինակ, որ արժանի է հատուկ ուշադրության:

Նախ, գերիշխում է հիմնական առաջադրանքը` կազմավորել եւ ամբողջացնել Թամանյանի նախատեսած եւ կինոթատրոնի շենքով ձեւավորված կիսահրապարակը: Այս առումով Իսրայելյանի խնդիրը թվում է պարզ, բայց իրականում շատ ավելի բարդ է կառուցել մի շենք, որի հատակագծային եւ ճարտարապետական լուծումից է կախված հրապարակի ամբողջականության ստեղծումը: Լինելով հավասարման երրորդ էլեմենտը այս համալիրում, շենքը պետք է հանդիսանար ձեւաբանական եւ ոճաբանական երկխոսության մի համաձուլվածք, որով կապ կստեղծվեր երկու համարյա հակադիր ոճեր ունեցող շենքերի համար:

Բարդություն կար նաեւ զուտ քաղաքաշինական առումով: Երեւան հյուրանոցի շենքը հինգանկյուն է եւ հրապարակին նայող ճակատը այդ հնգանկյան մի նիստն է: Այն չունի կիսաշրջան կազմող ճակատ, որը ավելի խստորեն արտահայվեց կինոթատրոնի շենքով:

Այսօր քչերը կնկատեն որ Նկարիչների տան շենքը և հյուրանոցի հարթ ճակատը ներգծում է կիսաշրջանի մեջ:

Տեսողական ամբողջականության հասնելու համար Իսրայելյանը հրաժարվում է անձնական ճարտարապետական նախասիրություններից եւ բառացիորեն պահպանում է 30 տարի առաջ կառուցված հյուրանոցի քիվերի բարձրությունը, պատուհանների ռիթմը եւ մշակումները: Եւ միայն շենքի հիմնական մուտքը կազմող ճակատում, որը ետ է նահանջում կիսակոր հատվածից կրկնելով կինոթատրոնի հատակագծային հնարքը, կազմակերպված է իրեն բնորոշ խուլ պատի մշակումով:

Մուտքային հատվածի ճակատային մշակումները զուսպ են, միեւնույն ժամանակ նբանկատորեն արձագանքում են հրապարակի առանցքի հակառակ կողմում կանգնած կինոթատրոնի ճարտարապետական դետալներին:

Առաջին հարկի ճակատը եւս կրկնում է հյուրանոցի կամարակապ բացվածքների շարքը: Այդտեղ է տեղավորված նկարիչների հայտնի սրճարանը, որը ֆունկցիոնալ առումով շարունակում է հյուրանոցային ռեստորանի տարածությունը:

Հատակագծում միության շենքը նեղ վզով միանում է հյուրանոցին` ընդամենը փակելով պատուհանների երկու շարքը: Առաջին հարկում կազմակերպված էր մի անցումային մուտք, որտեղից կարելի էր հասնել երկու շենքերի միջեւ գոյացած ներքին բակին: Բակը, որ շենքի տնտեսական մուտքն էր, միեւնույն ժամանակ ծառայում էր որպես բացօթյա ցուցասրահ:

Տարեց նկարիչները հիշում էին, որ մինչեւ 60-ականների վերջը ցուցասրահի ներսում դեռ պահպանվում էր մզկիթի խորանի պատի մի փոքր հատված: Եւ Երեւանի հատուկենտ մնացած պարսիկ բնակիչները գալիս էին այստեղ իրենց նամազը անելու:

Ամփոփելով մեր դիտարկումները կարող ենք համոզված ասել, որ  երեք շենքերով կազմավորված Ազնավուրի հրապարակը նշանակալից է Երեւանի կառուցապատման պատմության մեջ բոլոր առումներով`

1. Նախագծվել եւ իրականացվել է երեք տարբեր ոճային աշխարհներին պատկանող ճարտարապետների կողմից` Ն. Բունիաթյան, Գ. Քոչար եւ Հ. Երկանյան, Ռ. Իսրայելյան, որոնք լռելայն համաձայնությամբ ծառայել են Թամանյանի առաջադրած հրապարակի իրականացման գաղափարին:

2. Գործելով ժամանակների թելադրանքով ստեղծված քաղաքաշինական տարբեր իրավիճակներում գտել են լավագույն լուծումները պահպանելու եւ զարգացնելու հիմնական առաջադրանքը:

3. Հրաժարվելով դասական ընդունված մեթոդից, այն է ամբողջականությանը հասնելու նպատակով հրապարակը կառուցապատել ճարտարապետական նույն ոճին հետեւող շենքերով, հակառակը օգտագործել են ճարտարապետական բազմազան ձեւեր եւ արտահայտչական տարբեր լեզուներ, միեւնույն ժամանակ հասել են անկրկնելի միջավայրային ներդաշնակության:

Նաեւ`

– Ազնավուրի հրապարակը առանձնանում է իր յուրահատուկ մարդկային մասշտաբին համահունչ քաղաքային միջավայրով: Եւ սա է պատճառը այն անբացատրելի ձգողական ուժի, որը կարծես հրավիրում է մարդկանց իր գիրկը:

– Հանդիսանում է ճարտարապետական համագործակցության արտառոց օրինակ` մեր օրերում քիչ հանդիպող բարձր պրոֆեսիոնալիզմի եւ բարեկիրթ ստեղծագործողների միասնական կամքի դրսեւորում:

Եւ մենք երեւանցիներս` ամեն օր վայելում ենք տարիներ առաջ իրականացված, ճարտարապետական կատարողականության մեջ վարպետների իրագործած վերին խնդիրը` ոչինչից ստեղծել տարածություն, որ ձեռքով չես կարող բռնել, բայց կարող ես գոյություն ունենալ այդ տարածության մեջ: Եւ նաեւ, զգալ ամենադժվարը` Ժամանակը:


Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է ՌեԱրկ Ճարտարապետական Միջավայրի Ուսումնասիրության Կենտրոնի կայքում


Հյուրանոցը նկարիչների տան հետ միասին
Լուսանկարը՝ Ջեմմա Սարգսյանի

Նկարիչների Տունը, ճարտարապետական մանրամասն
Լուսանկարը՝ Ջեմմա Սարգսյանի

Երեւան հյուրանոցը իր երեք ճակատներով

Հյուրանոցի շենքը, ճարտարապետական մանրամասն

Հյուրանոցից դեպի նկարիչների տան աննկատ անցումը

Մզկիթը, ետևում՝ հյուրանոցի հետնամասը
Երևանի Պատմության Թանգարանի արխիվից

Հրապարակը 70-ականներին

Ալ. Թամանյանի երկու գլխավոր հատակագծերը